Սուրբ Զատիկի խորհուրդը

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։

Հայոց բոլոր գավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ  անվամբ հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին:  Շարժական տոն է  և ամեն տարի նշվում է գարնանային լիալուսնին հաջորդող կիրակի օրը:Քրիստոսի տառապանքների, մահվան ու հարության  հետ կապված այս տոնը  շատ ավելի խոր արմատներ ունի: Այն գալիս է դեռևս հեթանոսական շրջանից և արտացոլում այն ծեսերն ու սովորույթները, որոնք առնչվել են բնության զարթոնքի  գաղափարին: Զատկական արարողությունները  սկսվում էին շաբաթ  և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթը  բուն Զատկի տոնին նախապատրաստվելու  օրն էր. կարգի էին բերում տոնական հագուստը, հարդարում բնակարանը, տան դռների շրջանակներին փակցնում էին  զատկական կարմիր ձվի կպեճներ, թխում խմորեղեն: Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ:  Շաբաթ երեկոյան պատարագը սովորականից շուտ էր սկսվում, որպեսզի  պատարագից հետո`  դեռ արևը  մայր չմտած,  մարդիկ հասցնեին պասը բացել:  Պատարագի մասնակիցները շտապում էին տուն` ավետելու  Քրիստոսի  հարությունը և պասի վերջը: Ճանապարհին  բոլոր  հանդիպողները  ողջագուրվում էին  և միմյանց հայտնում ուրախ լուրը.  «Քրիստոս  հարյա՜վ  ի մեռելոց»,  որի պատասխանը լինում էր.  «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:  Թաթախման  ընթրիքի հիմնական  կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով  եփած կորկոտաճաշը: Իր կարևոր տեղն ու դերն ուներ զատկական մատաղը: Սովորաբար գյուղի բոլոր ընտանքիները մաս ունեին այդ մատաղի մեջ:  Հավաքված գումարով նախապես գնված եզները  կամ ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում գիշերը: Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր  խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Զատկի մատաղը «ախառ» էր կոչվում: Ամբողջ գիշեր  օջախի մոտ հավաքված ու ձվախաղով տարված երիտասարդները զանազան երգեր էին երգում, պարում ու ուրախանում: Կիրակի օրը`վաղ  առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես,  բոլորը  շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու  ընթացքում  կատարվում էր զատկական մատաղի արարողությունը: Մատաղացուն մորթում էին եկեղեցու գավթում: Մատաղն առանց խտրականության բաժանվում էր բոլորին հավասարաչափ: Զատկական մատաղի մի տեսակ էր նաև Լոռիում տարածում գտած  թուրքատարուկը: Ձուն  զատկական տոնում գրավում է  ամենակարևոր տեղը, քանի որ  անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ:  Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը, քանզի իր մեջ պարունակում էր  վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ:  Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ:Աղբյուր

napo

Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։ Ինչո՞ւ։
Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գոյություն ունի Զատիկի ճագար հասկացությունը։ Այն հեթանոսական արմատներ ունի՝ կապված գարնան գալուստի հետ։

Գերմանական ավանդույթի համաձայն Զատիկի ճագարը խելոք երեխաներին ներկված ձվերով լի բնիկ է նվիրում։ Երեխաներն  հաճախ իրենց գլխարկներից  իրենք են որևէ թաքուն տեղում պատրաստում այդ բնիկը։ Որպես խորհրդանիշ զամբյուղն ի հայտ է եղել ավելի ուշ։ Ըստ գերմանացիների, այդ ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարում։ Հավատում էին, որ Հեսսեում ձվերը աղվեսն է բերում, Սակսոնիայում՝ աքլորը, Էլզասում՝ արագիլը, իսկ Բավարիայում՝ կկուն։ Այդ ժամանակ էլ հենց ձվերը սկսեց բերել ճագարը։ Նա աստիճանաբար հետ մղեց իր «մրցակիցներին» և հաստատվեց Գերմանիայում։

ԱՄՆ-ում այդ ավանդույթը ներմուծվել է գերմանական ներգաղթյալների կողմից և լայն տարածում գտել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։

Տոնական սեղանի համար նախատեսված ուտելու ճագարները պատրաստվում են կամ մարցիպանից կամ շոկոլադից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով